Կանչում եմ, որ նորից գան…

12380280_480134798825222_2109481272_n.jpg

Կանչում եմ, որ նորից գան ու էլ չգնան: Ուզում եմ, որ մրսեցնելու հետ մեկ տեղ ջերմացնեն: Ուզում եմ փաթիլները կրկին պարեն օդում, կռիվ տան ջերմաստիճանի հետ: Փաթիլները կռվողներն են, կռիվ են տալիս ջերմաստիճանի հետ, հետո մի կերպ ողջ-առողջ իջնում ու նստում ուղիղ մեր թարթիչներին: Հալվում: Կռիվն իզուր էր, փաստորեն:

Կանչում եմ թափվող փաթիլներին, ուզում եմ կրկին լսել նրանց ձայնը: Դրանք այնքան եթերային են, որ բավական է` անգամ անշշուկ շնչեմ, որ իսկույն հեռվանան: Հնարավոր չէ նկարագրել ընկնող փաթիլի ձայնը, բայց զգալ՝ հնարավոր է:

Ամեն փաթիլ երկնքից ընկնելիս երազում է հայտնվել ձյան շերտերի վրա, որպեսզի չհալչի-գնա, այլ մնա` ինքն էլ ձմռան մասնիկ դառնալով: Ինչ մեղք են փաթիլները, որ ընկնում և կպնելով մեզ անհետանում են: Մենք գուցե սպանում ենք նրանց երազանքները: Նրանք օդում կռիվ են տալիս ջերմաստիճանի հետ` ողջ-առողջ տեղ հասնելու համար:

Սիրում եմ ձմեռը: Պարզապես իմ երևակայությունում չի տեղավորվում ցուրտ ձմեռն: Առավոտները տաք եմ հագնվում, բայց միևնույն է շորերը չեն ջերմացնում: Կրկին կպարեն փաթիլները ու կջերմացնեն մեզ: Կանչենք, որ գան…Կանչենք…